Արբակ Խաչատրյան
Մեդիայում / 2022

Ռուսաստանը թույլ չի տա իրեն կործանել․ Հայաստանն ահռելի մեծ վտանգի առաջ է․ Արբակ Խաչատրյան

1in.amՀրապարակման ամսաթիվ: 2022-03-21Բնագրի լեզուն: Հայերեն
Կարդալ հրատարակչի կայքում

Հոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Հայաստանում կան ռուսական կապիտալով բազմաթիվ ընկերություններ՝ այդ թվում ՀԱԷԿ-ը, Գազպրոմը, ՀԷՑ-ը։ Դրանք ստրատեգիական նշանակություն ունեն մեր երկրի համար։ Կարծում եք՝ այս փուլում դրանց անխափան գործունեության համար ինչ-որ քայլեր պե՞տք է ձեռնարկել։

-Հայաստանի առջև շատ մեծ խնդիրներ են ծառացած, քան այդ ընկերությունների աշխատանքը։ Տեսեք, թե Հայաստանում այս օրերին ինչ է կատարվում։ Օգտվելով պատերազմական իրավիճակից տան գները բարձրացրել են, որ ռուսներից փող աշխատեն։ Այսինքն՝ Հայաստանում շարունակում է գործել առևտրի հոգեբանությունը, որտեղ կա շահ, այնտեղ կարելի է մոռանալ ամեն ինչ։ Ռուսներն էլ հիմնականում այս օրերին հաստատվում են Հայաստանում ու Վրաստանում։ Ի՞նչ են անում հայերը՝ իրենց հայրենակիցներին վարձով տներից հանում են, որ թանկով տան ռուսներին, ինչ է, թե ավելի շատ գումար աշխատեն։

Այդ դեպքում՝ տվյալ երկրում ստրատեգիական մոտեցումն անհնարին է դառնում։ Ընդ որում՝ ղեկավարությունն էլ ոչ մի ուղղություն չունի, նստած է վիրտուալ գումարների վրա։ Հայաստանի առջև ահռելի մեծ վտանգ է կանգնած։ Փոքր երկրները մեծ խաղերում ոչ ոքի չեն հետաքրքրում՝ կվերանան-կվերանան, շատ բան չի փոխվի։ Ուղեղային կենտրոնները պետք է նստեին այդ ռիսկերը հաշվարկեին, բայց դա չի արվել, քանի որ նման կենտրոններ առհասարակ չկան։ Հայաստանում բոլորը կենտրոնացած են առևտուր անելու վրա, գործում է առևտրականի հոգեբանությունը, ինչի պատճառով էլ ռազմավարություն չի մշակվում որևէ ուղղությամբ։

Ռուսաստանը երբեք թույլ չի տա իր վերացումը։ Ինքն այլ ճանապարհ չունի, միակ միջոցը ատոմային ռակետն է։ Եվ թե մարդկությունը չվերանա սրա արդյունքում՝ ՝ էլի շահած դուրս կգանք։ Ցավալի է, բայց Հայաստանում մի իրավիճակ է, երբ չկա տարբերություն՝ այդ փողը Հայաստան ռուսները կբերեն, թե թուրքերը։ Ռազմավարական ուղղություն չունեցող երկիրը, որը միայն անունով է կոչվում պետություն, իր համար ի՞նչ նշանակություն ունի, թե ով կլինի իր տերը։

-Հիմա, երբ Ռուսաստանի տնտեսությունը ջախջախվում է արևմտյան պատժամիջոցների հետևանքով, ի՞նչ վտանգներ կլինեն Հայաստանի պարագայում։

-Վտանգը հենց դա է , որ Հայաստանում կարծես դա ոչ ոքի չի հետաքրքրում։ Իրենց միայն հուզում է, թե բանն ինչպես կծախեն, ում վրա ավելի թանկ կծախեն։ Պատերազմական իրավիճակում ուրիշ ո՞ր տխմարը կմտածի աշխատատեղ ստեղծի այն մարդկանց միջոցով, ովքեր թալանել են։ Ուշք ու միտքն այն է, որ ալյուրը երեք անգամ թանկ վաճառեն։ Հայաստանում բնակարանի քառակուսի մետրն ավելի թանկ է վաճառվում, քան Փարիզում, ինչ է թե ռուսները կարող է գան այստեղ։ Այս գաղափարով ու մոտեցումով՝ հասկանու՞մ են, որ երկիրը կործանման է գնում։ Դուք տեսաք, թե Ռուսաստանի միլիարդատերերի գլխին ինչ եկավ, բայց այս տականքների համար նշանակություն չունի՝ մինչև չգա իրենց տունը չքանդվի։

Ոչ մեկ հարց չի տալիս՝ ինչի նորմալ պետականություն չենք ունեցել։ Իսկ պատճառն այն է, որ մենք միշտ րոպեի շահն ենք տեսել։ 2 միլիոն մարդը Ռուսաստանի համար ի՞նչ է, բայց կապ չունի՝ այնքան կանեն, մինչը Հայաստանն էլ ընկնի պատժամիջոցների տակ։ Իսկ մինչ այդ պատերազմի վտանգն է մնում առկախված։

-Հայաստանի դե՞մ պատերազմի։

– Նաև Հայաստանի, բայց եե նույնիսկ հարևան Վրաստանում սկսվի՝ Հայաստանն անմասն չի մնա, որովհետև ոչ մի ուղեղային կենտրոն այստեղ չկա։ Առևտրականների հավաքածու է։ Պապն ու նրա ժառանգները երկիրը հասցրեցին այս վիճակի։ Միգուցե թոռը չի թալանում, բայց ավելի մեծ վնասներ է տվել այս երկրին։ Հայաստանի գլխին կախված ամենամեծ վտանգը հենց այդ ռազմավարություն չունենալն է։ Մարդիկ մտածում են միլիոններ աշխատելու մասին՝ կործանելով պետականությունը։ Սպասեք երրորդ հարվածին։ Ռուսաստանը, կրկնում եմ, թույլ չի տա իրեն վերացնել ու ամենավատը հենց դա է։

Կողքի բոլոր հանրապետությունները՝ մեծ ու փոքր կործանվելու են։ Ռուսաստանը Հյուսիսային Կորեա չէ, համաշխարհային հզոր երկիր է։ Դուք հասկանու՞մ եք իրավիճակը ուր կարող է հասնել։ Մեկ տարի առաջ ձեզ տված հարցազրույցում ասել եմ՝ սովորական մի ընդունեք Պուտինի այն խոսքերը, որ առանց Ռուսաստանի աշխարհը չի լինի։ Ես ասել էի, որ այդ խոսքերին պետք է ամենայն լրջությամբ դիմել։ Եթե ինքը զգաց Ռուսաստանի վրա կախված վտանգը ու գնաց այս քայլին, պատկերացնու՞մ եք հետագայում ինչ կարող է անել։ Աշխարհի համար փոքր երկրները նշանակություն չունի։

Գիտե՞ք Պուտինի ու Հիտլերի տարբերությունն ինչումն է։ հիտլերը Եվրոպայում կոալիցիա ուներ, Պուտինը՝ չունի

Եթե 25 տարի առաջ ղարաբաղյան խնդրի համար Մինսկի խումբ էին ստեղծել ու հաջողվել էր քիչ թե շատ աշխատել, հիմա դա հնարավոր չի լինելու։ Հայաստանում զբաղված են շենք սարքելով, բայց վերջում այդ շենքերը տրաքելու է իրենց գլխին։