Արբակ Խաչատրյան. «Երբ անօրինական խորհրդարանին ստիպում են ընտրել Նիկոլ Փաշինյանին`լա՞վ է, իսկ երբ Սերժ Սարգսյանին էր ընտրում`վա՞տ» (Տեսանյութ)
Կարդալ հրատարակչի կայքումՀոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։
Մոսկվայում բնակվող հայ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի համար շատ ուրախալի է, որ վերջին օրերին հայաստանյան երիտասարդությունը ցույց տվեց իր անկախությունը, մանավանդ, որ ինքը մշտապես այն կարծիքին է եղել, որ երիտասարդները պետք է ոտքի կանգնեն`փտած հետխորհրդային համակարգերի դեմ: Բայց իր համար ևս անհասկանալի է հայաստանյան հեղափոխությունը`սկզբից մինչ այս պահը: Aravot.am-ի հետ զրույցում Արբակ Խաչատրյանն ասաց. «Ես ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվեց, նա կարողացավ ժողովրդին ոտքի հանել, քանի որ այս ընթացքում թե Արցախի հարցը, թե հոկտեմբերի 27-ը, թե մարտի 1-ն օգտագործվեցին ժողովրդի եւ պետության դեմ`միլիարդներ գողանալու եւ սեփական իշխանությունը երկարացնելու համար: Մարդիկ, հատկապես երիտասարդները, Հայաստանում դուրս եկան անօրինականության դեմ:
Երիտասարդները ցույց տվեցին իրենց ուժը: Բայց վարչապետ ընտրելու գործընթացն ամբողջովին անհասկանալի է. այսինքն, այն խորհրդարանը, որը ժողովուրդը համարում է անօրինական, փողով ընտրված, այսօր պետք է վարչապետ նշանակի: Այսինքն, եթե ժողովուրդը ստիպում է այդ խորհրդարանին, որ Նիկոլ Փաշինյանի ընտրի, դա օրինական է, բայց երբ Սերժ Սարգսյանին ընտրեցին`անօրինակա՞ն էր: Այս աբսուրդ մոտեցումն ինձ համար անհասկանալի է: Եթե ժողովուրդը դեմ է եւ ոտքի էր կանգնել`եւ Սահմանադրությունը, եւ խորհրդարանը պետք է անօրինական համարվեն, քանի որ ի սկզբանե էլ այդպես էին համարում բոլորը»: Դիտարկմանը, որ այդ դեպքում երկրում անիշխանություն կլիներ, մեր զրուցակիցը հակադարձեց.
«Այդ դեպքում ստեղծվում է ժամանակավոր կառավարություն, համաձայնության էին գալիս եւ ըստ այդմ էին արդեն գործընթացները զարգանում: Այլապես, այն ինչ հիմա է կատարվում`նույն տիպի մարդիկ`գողեր, թալանչիներ եւ այլն, հեղափոխություն են կատարում`ասելով հանուն արդարության: Այս ամենը իրավական եւ քաղաքագիտական նոնսենս է, աբսուրդ: Հայաստանում ոչ մի ինստիտուտ չի աշխատում`ինչպե՞ս, ի՞նչ կադրերով է դրանց վերականգնումը լինելու»:
Արբակ Խաչատրյանը ստեղծված իրավիճակը քաոսային է որակում եւ կարծում է, եթե իրադարձությունները ճիշտ ուղղությամբ չզարգանան`առավել մեծ վտանգներ են սպասվելու Հայաստանին: Անցած տարիների փորձն, ըստ նրա, պետք է որ լավ յուրացրած լինեն հայաստանյան գործիչները: «Ահավոր մեծ վտանգ կա այն թեզի տակ, որ Նիկոլ Փաշինյանը կփրկի երկիրը: Աստված տա: Որ հեղաշրջում պետք է լիներ, ես էլ գիտեի, բոլորն էլ գիտեին ու հասկանում էին: Դա ստացվեց Նիկոլ Փաշինյանի մոտ, իրեն հաջողվեց: Իրեն կհաջողվի՞ միլիարդանոց կապերը քանդել: Նախկինում, մարդիկ, ովքեր ինձ նախատում էին ռուսաստանյան մամուլում Պուտինի դեմ հանդես գալու համար, այսօր հայտարարում են, որ ժողովրդի կողքին են… մի քիչ ծիծաղելի, անգամ անհասկանալի է»:
Մեր դիտարկմանը, որ հայկական հեղափոխության օրերին Ռուսաստանում բնակվող հայազգի քաղաքագետներն ու վերլուծաբաններն ավելի շատ քննադատեցին այն, ինչ կատարվում էր Հայաստանում, մեր զրուցակիցը հակադարձեց`դրանց պետք չէ լուրջ վերաբերվել. «Ով շատ փող կտա, այնպես էլ կխոսեն: Հայ ժողովուրդն ունիկալ է. եթե մեկի նկարն են տեսնում Պուտինի կողքին կամ իմանում են, որ Լավրովն եկել է ինչ-որ մեկի ծնունդին`արագ հետեւություն են անում`նրա մեջքին Մոսկվան է կանգնած: Ես քանի անգամ իմ հոդվածներում դիմել եմ Վլադիմիր Պուտինին`ասելով`բավական է թույլ տաս, որ այդ մարդիկ օգտագործեն քո անունը: Հայերի այն խումբը, որն այսքան ժամանակ ղեկավարում եւ թալանում է, իրենց ձեռք էր տալիս այդ ամենն օգտագործել, որ մարդիկ խելոք լսեն: Այս եւ մնացյալ հարցերը պետք է լուծում գտնեն, բայց ճիշտ լուծում, ոչ թե անօրինական ընտրված օրգանի աջակցությամբ»:
Ի դեպ, Արբակ Խաչատրյանը, որ ՀՀԿ-ի ընդդիմախոսներից էր, այժմ չի քննադատում այդ ուժին. «Ընկածին չեն խփում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ