Արբակ Խաչատրյան
Մեդիայում / 2015

20 տարվա մեջ Ռուսաստանի հետ կարելի էր արժանապատիվ հարաբերություններ կառուցել

1in.amՀրապարակման ամսաթիվ: 2015-01-11Բնագրի լեզուն: Հայերեն
Կարդալ հրատարակչի կայքում

Հոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։

«Առաջին լրատվական» -ի զրուցակիցն է մոսկվայաբնակ անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, հունվարի 2- ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ: Արդեն ԵՏՄ անդամ Հայաստանին ի՞նչ է սպասվում: Արդյոք այն իրավիճակը , որ այսօր կա Ռուսաստանում ՝ կտեղափոխվի ՞ նաև Հայաստան:

– Հիշո՞ւմ եք, Ձեզ հետ հարցազրույցում դեռ մեկ տարի առաջ էի ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առանձին մաքսային միություն կլինի:Եվ հիմա էլ Ղազախստանի ու Բելառուսի ընդվզումները հենց դրան էլ տանում են: Այն, ինչի մեջ այսօր Հայաստանն է մտել՝ առանձին մի միություն է կարծես Հայաստանի ու Ռուսաստանի միջև: Ասել, որ այն տնտեսական խորը համագործակցություն է՝ նույնիսկ ծիծաղելի է:Տնտեսության առումով Հայաստանը, բնական է, ոչ մի օգուտ չի քաղի: Ժողովրդի մեծամասնությունն այսօր ապրում է Հայաստանում արտագաղթելու տրամադրությամբ, ինչքան ընտանիք քանդեցին իրենց քաղաքականությամբ՝ մինչև այդ ամենի համար մարդիկ չպատժվեն, ոչ մի լավ բանի էլ սպասել պետք չէ:Հիմա էլ Ռուսաստանը դիմում է Թուրքիային, ով Ղրիմի հարցով նրան թշնամի էր, գազամուղ կառուցելու համար: Ռուսաստանը հրեշներին ստեղծում է, հետո պայքարում դրանց դեմ: Չեմ պատկերացնում, թե ի՞նչ են սպասում հայերը, ի՞նչ տնտեսական հարաբերություն՝ ինչո՞ւ են խաբում, թե մեր միսն ու ծիրանը կգնա այնտեղ, ինչ-որ լավ բան կլինի, այդպես տնտեսությո՞ւն են պահում, այդպե՞ս են հզորացնում տնտեսական համագործակցությունը:

– Հայտնի է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները խոսքի ազատության ջատագովներ չեն: Մ ամուլն էլ այս երկրներում խիստ ճնշման տակ է: Հայաստանը քիչ թե շատ բարվոք վիճակում է այս առումով՝ դա են փաստում նաև միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցները: Հնարավո՞ր է, որ այս ոլորտում ևս անկում ապրենք:

– Եվ շատ լավ է, որ Հայաստանում այդ ազատությունը կա: Եթե դա էլ չլիներ՝ չեմ պատկերացնում, թե ինչ վիճակում Հայաստանը կլիներ:Եթե ազատություն չի տրվում, անկախությունը հիմնովին դատարկ իմաստ է ստանում:Ինչպե՞ս կարող ենք ամբողջովին մի երկրից կախված լինելու հետ մեկտեղ մի բան էլ այդ ոլորտում սահմանափակում մտցնել, մի հատ էլ խեղճ գյուղացուն սահմանափակել՝ դա էլ, ու վերջ:Ես ուրախ եմ, որ Հայաստանում լրատվամիջոցներն ավելի ազատ են, բայց դա կառավարվող ազատություն է, ու գոնե այս իրավիճակը պետք է պահպանվի: Հայկական մամուլն ազատ է այնքանով, որքանով, որ կա և այն վերահսկելու անհրաժեշտություն նույնիսկ չկա, որովհետև էապես ոչինչ այդ գրածներով չի փոխվում:

Ռուսաստանում հիմա նոր համակարգ չի ստեղծվում, որ երկիրը փրկվի: Իսկ եթե Ռուսաստանը չի փրկվում, ուրեմն ամբողջ համակարգն է փլվում, Հայաստանն էլ հետը:Շենքի հիմքը քանդվում է, իսկ դուք տանիքից եք հարցնում: Այսօր պետք է մտածել, քննարկել ու հասկանալ, թե ինչու է Հայաստանն ամբողջությամբ՝թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը կապել մեկ երկրի, մեկ մարդու հետ: Չպե՞տք էր արդյոք մի քանի քայլ առաջ տեսնել ու ճիշտ ընտրություն կատարել: Պարզ է, որ այս իրավիճակում Եվրոպայի ու Ամերիկայի ուղղությամբ կսկսեն աշխատել ու գուցե նաև շահեն այս իրավիճակում:

– Լավ , գոնե անվտանգության ապահովման մասով ինչ – որ բան կարո ՞ ղ ենք սպասել: ՀԱՊԿ-ը կարո ՞ ղ է գոնե հիմա ցույց տալ, որ Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Հայկական գյուղերը շարունակում են թշնամու կողմից ռմբակոծվել, իսկ մենք չենք էլ տեսնում, որ անվտանգության երաշխավոր ունենք:

– Այս դրության մեջ Ռուսաստանը չի կարող աջակցել Հայաստանին, և ոչինչ սպասել պետք չէ:Երկրորդ՝ ամենալավ դեպքում կասի՝ Ղարաբաղի շուրջը գտնվող ադրբեջանական հողերը հետ տվեք, ու իրավիճակը կլավանա… ուրիշ բան մի սպասեք:Այս իրավիճակում Ռուսաստանը Հայաստանին չի պաշտպանելու:Ես մեկ տարի առաջ եմ նույնիսկ ասել, որ չի անելու, անվտանգության համար այդ միություն մի մտեք: Ռուսաստանի համար ռազմավարական ավելի կարևոր հարցեր կան: Դեռ 2008 թվականին եմ ասել, որ պետք եղած ժամանակ Պուտինը կհանձնի Հայաստանը:Հայաստանի միակ փրկության միջոցը ինքն է, իր բանակը:Մենք ունենք լավ զորք, ունենք տղաներ, որ պայքարում են: Զորքը ընտանիքի երեխաներ են, իսկ այսօր քանի-քանի ընտանիք է կործանվել:Մի՞թե այս 20 տարիների ընթացքում չէր կարելի այլ հարաբերություններ ունենալ, չէ՞ր կարելի Ադրբեջանի հետ ավելի լավ բանակցություններ վարել, որ իրավիճակն այսպիսին չլիներ, չէ՞ր կարելի այդ բանակցություններում քայլ առաջ գնալ: Թե՞ մեր անելիքը միայն Կրեմլ թռնելն ու սպասելն է, թե այնտեղից ինչ կասեն:

– Իսկ Ռուսաստանի հետ կարելի՞ էր 20 տարիների ընթացքում այլ հարաբերություններ ստեղծել, որպեսզի այսօր այսպիսի վասալային պայմաններում չլինեինք:

– Այո, տասնյակ ինստիտուտներ կարող էին աշխատել, որ այս պայմանները չլինեին, իհարկե կարող էր դիվանագիտական ավելի հզոր խումբ աշխատել, որ չունենայինք այսօր այն, ինչ ունենք:

– Հայաստանում ոչ միայն իշխանությունները, այլ ոչ իշխանական ուժերը կողմ արտահայտվեցին Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն: Ի՞նչ եք կարծում ՝ այս տոտալ համաձայնության պայմաններում Հայաստանը դեռ Ռուսաստանից փրկվելու հույս ունի՞, թե ՞ կկործանվի այդ երկրի հետ միասին:

– Ռուսաստանի խորտակվելն այդքան արագ պետք չէ կանխատեսել, եթե Ռուսաստանը ճիշտ ուղղությամբ գնա ու նոր բազա դնի՝ իրավիճակը կփոփոխվի:Ուղղակի այն բոլոր մարդիկ, որ թալանել ու շարունակում են թալանել՝ ամեն բան կգցեն Ռուսաստանի ճգնաժամի վրա ու կքաշվեն մի կողմ: Իշխանական, ոչ իշխանական՝ բոլորն էլ նույնն են, կան, իհարկե, նորմալ մարդիկ, որ կարող են նորմալ պայքարել ու աշխատել: Այդ մարդիկ, ինչպես նշեցիք, քամելեոն են, եթե մի բան փոխվի՝ մի վայրկյանում ուրիշ կողմ կլինեն ու կսկսեն քննադատել Եվրասիական տնտեսական միությունը: Ի՞նչն է պատճառը, որ այդ մարդիկ հիմա գովերգելով Մաքսային միությունն ու Ռուսաստանը՝ իրենց երեխաներին ուղարկում են Եվրոպա սովորելու:Մի փոքր էլ Ռուսաստանում իրավիճակը վատանա, տեսնեն ոչինչ այլևս անել չեն կարողանում, ոչ մի օգուտ չեն կարողանում քաղել, գումարները Ռուսաստանի միջոցով չեն կարողանում աշխատեցնել՝ իրենք էլ կթեքվեն դեպի Եվրոպա ու Ամերիկա:

Մեր ժողովուրդն աշխատող ու տանջվող ժողովուրդ է՝ ամեն տեղ էլ դա տեսնում ու գնահատում են: Ուղղակի մեր ղեկավարները խաբեցին Եվրոպային, Ռուսաստանում մի բան լինի՝ Ռուսաստանին էլ կխաբեն, այդքան չեք սիրում Եվրոպան՝ Ձեր գումարներն ինչո՞ւ եք այնտեղ պահում ու Մաքսային միություն գովերգում: Նրանց հետ աշխատելն ու հույս կապելը դժվար է, բայց հայ ժողովուրդն աշխատող ու տանջվող ժողովուրդ է: